ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի – Sputnik. Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին առաջարկել է իսրայելցիներին տեղափոխել Գրենլանդիա՝ ի պատասխան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ պաղեստինցիներին Գազայի հատվածից հարևան արաբական երկրներում վերաբնակեցնելու առաջարկի:
«Sky News» -ի հետ զրույցում Արաղչին հեգնել է Թրամփի առաջարկը, որը վրդովմունք է առաջացրել ամբողջ տարածաշրջանում:
«Իմ առաջարկն այլ է։ Պաղեստինցիների փոխարեն փորձեք արտաքսել իսրայելցիներին, նրանց տարեք Գրենլանդիա. այդպիսով կկարողանաք մի կրակոցով երկու նապաստակ սպանել», - ասել է Արաղչին։
Նախարարն անդրադարձել է նաև Իսրայելի կողմից և ԱՄՆ–ի աջակցությամբ Իրանի ենթադրյալ միջուկային ծրագրի վրա հնարավոր հարձակման մասին խոսակցություններին:
«Մենք հստակ հասկացրել ենք, որ մեր միջուկային օբյեկտների վրա ցանկացած հարձակում ստանալու է անհապաղ և վճռական պատասխան։ Բայց ես չեմ կարծում, որ նրանք կգնան այդ խելահեղ արարքին: Դա իսկապես խելագարություն է և ամբողջ տարածաշրջանին կհանգեցնի շատ մեծ աղետի», - նշել է նախարարը։
Նրա խոսքով` Թեհրանը պատրաստ է լսել Թրամփի առաջարկները։ Սակայն ավելին կպահանջվի, որպեսզի Իրանը համոզվի ԱՄՆ-ի հետ այլ գործարքի շուրջ բանակցությունները վերսկսելու անհրաժեշտության մեջ՝ հաշվի առնելով, թե նախորդ փորձերն ինչ ավարտ ունեցան:
Ավելի վաղ Թրամփն առաջարկել էր պաղեստինցիներին ժամանակավորապես կամ երկար ժամանակով տեղափոխել Եգիպտոս և Հորդանան: