Բողոքի ակցիաների ֆոնին Սերբիայի վարչապետը հրաժարական կտա. ԶԼՄ

Սերբիայի վարչապետ Միլոշ Վուչևիչը. Արխիվային լուսանկար
Սերբիայի նախագահն ավելի վաղ կոչ էր արել պահպանել երկրում կայունությունը և հայտնել էր հանրության հետ երկխոսության պատրաստակամություն:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի - Sputnik. Սերբիայի վարչապետ Միլոշ Վուչևիչը երկրում բողոքի ակցիաների ֆոնին հրաժարական կտա, հաղորդում է «Վեչերնե Նովոստի» պարբերականը՝ հղում անելով իր աղբյուրին:
Նոյեմբերից Սերբիայում տեղի են ունենում ուսանողների և ընդդիմության հակակառավարական ցույցեր: Նշվում է, որ բողոքի պատճառը նոյեմբերի 1- ին Նովի Սադ քաղաքի երկաթուղային կայարանի ծածկի փլուզումն է, որի հետևանքով զոհվել էր 15 մարդ: Մինչդեռ իշխանությունները կարծում են, որ ցույցերի նպատակը կառավարության և նախագահ Ալեքսանդր Վուչիչի պաշտոնանկությունն է:
Հունվարի 27-ին Վուչիչը կոչ է արել երկրում պահպանել կայունությունը, իսկ հունվարի 28-ի գիշերը հայտարարել է երկխոսության անհրաժեշտության մասին:
Նա նաև հայտարարել է, որ կկատարեն ցուցարարների մի շարք պահանջներ։ Մասնավորապես, նախագահը պատրաստակամություն է հայտնել մինչև հունվարի 29-ը ստորագրել ներման հրամանագրեր անկարգությունների հետ կապված քրեական գործերով մեղադրվող ուսանողների և դասախոսների համար:
Վուչիչը հայտարարել է, որ Սերբիայի իշխանությունները կշարունակեն փաստաթղթեր հրապարակել Նովի Սադի երկաթուղային կայարանի վերակառուցման վերաբերյալ:
Հիշեցնենք, որ 2024 թվականի նոյեմբերի 1-ին Նովի Սադի կայարանում փլուզվել էր ծածկի մի մասը, ինչի հետևանքով զոհվել էր 15 մարդ։