ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի – Sputnik. Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի կինը՝ Գալինան և ևս 9 ֆիզիկական անձ ու բելառուսական 12 կազմակերպություն ներառվել են Կանադայի պատժամիջոցների ընդլայնված ցանկի մեջ։ Այս մասին այսօր հայտարարել է Կանադայի արտաքին գործերի նախարարությունը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Ի պատասխան հունվարի 26–ին Բելառուսում տեղի ունեցած անարդար ընտրությունների` Կանադան լրացուցիչ փոփոխություններ է կատարել՝ ավելացնելով 10 անձի, որոնցից վեցը Բելառուսում կոռուպցիայի և մարդու իրավունքների խախտումների մեջ ներգրավված անձանց ընտանիքի անդամներն ու մերձավոր համախոհներն են»,– ասված է Կանադայի ԱԳՆ հայտարարության մեջ:
Պատժամիջոցների ցանկում հայտնված 12 կազմակերպությունների թվում են Բելառուսի հատուկ նշանակության ջոկատը և ՊԱԿ–ը, ինչպես նաև մի շարք գործարաններ: Կանադայի արտաքին գործերի նախարարությունից նշել են, որ Բելառուսի նկատմամբ այս քայլերը ձեռնարկվել են Մեծ Բրիտանիայի հետ համատեղ: