ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի — Sputnik. Երևանում հարգանքի տուրք մատուցեցին Լենինգրադի պաշարման զոհերի հիշատակին։ Հուշարձանի մոտ ծաղկեպսակներ ու ծաղիկներ դրեցին Ռուսաստանի և Բելառուսի դեսպանությունների, Երևանի Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները։
Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը նշեց, որ Ռուսաստանը հարգանքի տուրք է մատուցում պաշարված Լենինգրադի երեխաների նկատմամբ հայ ժողովրդի կողմից ցուցաբերված մարդասիրությանն ու գթասրտությանը։ Նա վստահեցրեց, որ Ռուսաստանում դա երբեք չեն մոռանա։
Ինչ վերաբերում է բուն հուշարձանին, դիվանագետը նշեց, որ այն գթասրտություն և բարություն է արտացոլում։
«Սա, իհարկե, այն լավագույն հատկանիշների մարմնացումներից մեկն է, որը միշտ բնորոշ է եղել մեր ժողովուրդների հարաբերություններին: Դրանք են բարոյական արժեքները, հոգևոր արժեքները, համերաշխությունը», - լրագրողներին ասաց Կոպիրկինը:
Կոպիրկինը կարևորեց այն փաստը, որ Երևանում ամեն տարի հարգանքի տուրք է մատուցվում այդ սարսափելի շրջափակման ժամանակ մահացածների հիշատակին, շրջափակումը վերապրածների արիությանն ու հերոսությանը, ցավն ու տառապանքը հաղթահարելու և հաղթելու նրանց կարողությանը։
Դեսպանը պարզաբանեց, որ այսօր իսկապես շատ արդիական է աշխարհը սարսափելի վտանգից փրկած խորհրդային ժողովրդի աննախադեպ սխրանքի պատմական ճշմարտությունը պաշտպանելը։
«Մենք միշտ կհիշենք մեր նախնիների սխրանքը, կհիշենք նաև հակահիտլերյան կոալիցիայի ԽՍՀՄ դաշնակիցների ներդրումն այս ընդհանուր հաղթանակի մեջ: Ցավոք, ոչ բոլորն են այսօր ուզում հիշել այն, ինչ տեղի է ունեցել իրականում», - ասաց ռուս դիվանագետը։
Երևանի Ռուսական տան ղեկավար Վադիմ Ֆեֆիլովն ընթերցեց Սանկտ Պետերբուրգի քաղաքապետ Ալեքսանդր Բեգլովի ուղերձը։
Նա նշեց, որ Լենինգրադի շրջափակման վերացման 81-րդ տարին վշտալի և միևնույն ժամանակ լուսավոր օր է։ Չնվաճված քաղաքն իր պաշտպանների խիզախության ու տոկունության շնորհիվ համաշխարհային պատմության ամենահերոսական էջերից մեկը գրեց։
«Ձեր անօրինակ սխրանքն ապացուցեց, որ մեր բազմազգ ժողովրդին ստրկացնել հնարավոր չէ: Այսօր, երբ նացիզմը կրկին գլուխ է բարձրացնում աշխարհում, իսկ մեր պատերազմներն արտացոլում են Ռուսաստանը ոչնչացնելու նոր փորձեր, դուք շարունակում եք հայրենիքից հեռու պաշտպանել պատմական ճշմարտությունը», – նշել էր Բեգլովն իր ուղերձում։
Հուշահամալիրի մոտ հոգեհանգստյան պատարագ մատուցեցին Հայ առաքելական և Ռուս ուղղափառ եկեղեցիների ներկայացուցիչները։
Նշենք, որ Լենինգրադի պաշարումը տևել է 872 օր՝ 1941 թվականի սեպտեմբերի 8-ից մինչև 1944 թվականի հունվարի 27-ը (պաշարման օղակը ճեղքվեց 1943 թվականի հունվարի 18-ին)։ 1941 թվականի սեպտեմբերին պաշարված քաղաքում 2 միլիոն 887 հազար բնակիչ կար։ 1941-1943 թվականների տարհանման ժամանակ Լենինգրադից դուրս բերվեց շուրջ 1 միլիոն մարդ։ Մոտավոր հաշվարկներով՝ սովից և գնդակոծությունից մահացավ 800 հազարից մինչև 1,5 միլիոն մարդ։