ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի - Sputnik. Թուրքիայում լեռնադահուկային հանգստավայրում 78 մարդու կյանք խլած հրդեհի գործով հետաքննության շրջանակում 15 մարդ է ձերբակալվել: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով «Սաբահ» թերթը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունվարի 25-ին հայտարարել է, որ երկրի դատական համակարգը բոլոր ջանքերը գործադրում է միջադեպը բոլոր առումներով պարզաբանելու համար:
Նա նաև «խիղճ ունենալու» կոչ է արել նրանց, ովքեր «քաղաքական բանավեճ» են կազմակերպում հրդեհի շուրջ։
«Հինգ կասկածյալներ, այդ թվում՝ Բոլուի փոխքաղաքապետ Սեդաթ Գյուլեները և հրշեջ վարչության փոխտնօրեն Քենան Ջոշքունը, կանգնել են դատարանի առջև», - գրում է պարբերականը։
Հրդեհն ընդգրկել է Թուրքիայի Բոլուի Կարտալկայա լեռնադահուկային հանգստավայրում գտնվող շենքը։ Grand Kartal-ի հրդեհի զոհ է դարձել 78 մարդ։ Հետաքննության շրջանակներում կան ձերբակալվածներ, այդ թվում ՝ հյուրանոցի սեփականատերը։