ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի – Sputnik. «Բաքվի խումբը» փորձ է անում ապակայունացնել իրավիճակը Նոր Կալեդոնիայում։ Այս մասին X-ի իր էջում գրել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան Նոել Բարոն։
««Բաքվի խումբը» կրկին ձգտում էր Նոր Կալեդոնիայում ապակայունացնել մեր ազգային քաղաքական կյանքը։ Մեր անդրծովյան տարածքներում Ադրբեջանի կողմից ձեռնարկվող այս ապարդյուն փորձերն անընդունելի են և պետք է անհապաղ դադարեցվեն»,- գրել է Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։
Միաժամանակ ադրբեջանական տարբեր լրատվամիջոցներ գրում են այն մասին, թե երկար ընդմիջումից հետո Նոր Կալեդոնիայում կրկին ադրբեջանական դրոշ է ծածանվել։ Հունվարի 23-24-ը Կանակի քաղաքում անցկացվել է, այսպես կոչված, Ապագաղութացման միջազգային ճակատի առաջին համագումարը։ Ադրբեջանական պատվիրակությանը մուտքի արտոնագրեր չեն տրվել, ուստի նրանք մասնակցել են առցանց ձևաչափով։
Ի դեպ, Ապագաղութացման միջազգային ճակատը ստեղծվել է 2024 թվականի հուլիսին Բաքվում։
Հիշեցնենք՝ դեռ նախորդ տարի մայիսին Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանենը Ադրբեջանին մեղադրել է Նոր Կալեդոնիայի ներքին գործերին միջամտելու և խաղաղօվկիանոսյան կղզում անկարգությունների հետ կապ ունենալու համար։ Դրանից առաջ Նոր Կալեդոնիայում բողոքի ակցիաների ժամանակ Ադրբեջանի դրոշներ էին նկատվել: Ավելին` 2024թ․ ապրիլի 18-ին Ադրբեջանն ու Նոր Կալեդոնիան համագործակցության հուշագիր են կնքել։