ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի – Sputnik. Իսրայելն այսօր 200 պաղեստինցի բանտարկյալի է ազատ արձակել 4 զինծառայողի դիմաց։ Տեղեկությունը հայտնում է «Գալեյ ՑԱԽԱԼ» ռադիոընկերությունը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումն այսօր Գազայի հատվածում ազատ է արձակել Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱԽԱԼ) 4 կին զինծառայողի:
«114 պաղեստինցի բանտարկյալներ ազատ են արձակվել Ռամալլայի բանտից (Հորդանան գետի արևմտյան ափ. խմբ.): Եվս 70 բանտարկյալներ կարտաքսվեն Եգիպտոս, իսկ 16-ը ՝ Գազայի հատված»,- ասվում է ռադիոկայանի հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք` ՀԱՄԱՍ շարժումը Գազայում կրակի դադարեցման վերաբերյալ Իսրայելի հետ գործարքի իրականացման շրջանակում անցյալ կիրակի ազատ էր արձակել առաջին երեք պատանդներին: Դրա դիմաց Իսրայելը բանտերից ազատ է արձակել 90 պաղեստինցի բանտարկյալի։
Իսրայելը և ՀԱՄԱՍ շարժումը Կատարի, Եգիպտոսի և ԱՄՆ-ի միջնորդությամբ 42 օրով հրադադար հաստատելու պայմանավորվածություն են ձեռք բերել և հայտարարել, որ ձգտում են ռազմական գործողությունների վերջնական ավարտի։ 15 ամսվա ընթացքում պատերազմական գործողությունները խլել են ավելի քան 46 հազար պաղեստինցիների և մոտ 1500 իսրայելցիների կյանք, տարածվել դեպի Լիբանան և Եմեն, Իսրայելի և Իրանի միջև հրթիռային հարվածների փոխանակում հրահրել:
Սա հակամարտության ընթացքում արդեն երկրորդ հրադադարն է. առաջինը կնքվեց 2023 թվականի նոյեմբերին և տևեց ընդամենը 6 օր։