ԱՄՆ-ն պատրաստվում է հազարավոր զինվորականներ ուղարկել ամերիկա–մեքսիկական սահման. ԶԼՄ

Զինծառայողներ
Ուղարկվածների թվում կարող են լինել նաև արագ արձագանքման ուժերը, սակայն այդ ստորաբաժանումների տեղակայման մասին պաշտոնական որոշում դեռ չի կայացվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պատրաստվում է հազարավոր զինծառայողներ և զրահատեխնիկա ուղարկել ամերիկա–մեքսիկական սահման` անվտանգության միջոցառումներն ուժեղացնելու համար: Այս մասին գրում է «The Washington Post» թերթը՝ հղում անելով Պենտագոնի իր աղբյուրներին։
«Հնարավոր է` նրանց թվում նաև հետևակայիններ լինեն` 20 տոննա կշռող «Stryker» մարտական մեքենաներով»,– նշում է պարբերականը։
Լրագրողների տվյալներով՝ ամերիկա–մեքսիկական սահման կուղարկվի շուրջ 10 հազար զինծառայող, այդ թվում՝ ամերիկյան ցամաքային զորքերի 82-րդ օդադեսանտային դիվիզիայից (խոսքը վերաբերում է արտակարգ դրության դեպքում արագ արձագանքման ուժերին): Քննարկվում է նաև «Stryker» մարտական մեքենաների «ցուցադրական երթ» կազմակերպելու գաղափարը, որը, աղբյուրներից մեկի կարծիքով, կդառնա Թրամփի վարչակազմի վճռականության վառ խորհրդանիշը:
Ավելի վաղ Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարոլին Լևիտը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն 1 500 զինվորական կուղարկի ամերիկա–մեքսիկական սահման:
Հայտնի է նաև, որ Թրամփը հրամանագիր է ստորագրել Միացյալ Նահանգների հարավային սահմանը փակելու մասին:
Թրամփի պարադոքսը. արտաքսել ապօրինի ներգաղթյալներին, թեև նրանք մեծ օգուտ են բերում երկրին