ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի – Sputnik. Ադրբեջանի պաշտպանության նախարարի տեղակալ, ԶՈւ ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ-գնդապետ Հիքմեթ Միրզոևը հանդիպել է Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Մեթին Գյուրակի հետ։ Տեղեկությունը հայտնում են տեղական ԶԼՄ-ները:
Կողմերը հայտարարել են պաշտպանական ոլորտում համատեղ գործողությունների հետագա ընդլայնման մասին։
Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, որ Միրզոևը գոհ է մնացել այցից։ Տեղի է ունեցել մտքերի հանգամանալից փոխանակում ռազմական, ռազմատեխնիկական, ռազմակրթական և այլ ոլորտներում համագործակցության հեռանկարների, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:
Ավելի վաղ Միրզոևին ընդունել էր Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը, հանդիպմանը մասնակցել էր Թուրքիայի ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ Սելջուկ Բայրաքթարօղլուն: