ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի – Sputnik. Գործարար Գագիկ Ծառուկյանի որդին` Նվեր Ծառուկյանը գործուղման է և չի թաքնվում իր նկատմամբ նախաձեռնված քրեական վարույթի քննությունից։ Այս մասին հայտարարել է փաստաբան Էմին Խաչատրյանը։
Նշենք, որ այսօր դատախազությունը հայտնել էր, որ Նվեր Ծառուկյանի նկատմամբ հայտարարվել է միջազգային հետախուզում։
«Նվեր Ծառուկյանը երբեք չի թաքնվել և ներկայումս ևս չի թաքնվում քննությունից, այլ դեռևս 2024 թվականի հոկտեմբերի 24-ի համապատասխան արձանագրությամբ, որը կայացվել է մինչև ենթադրյալ դեպքը տեղի ունենալը, իսկ այնուհետև հոկտեմբերի 28-ին` մինչ քրեական վարույթ նախաձեռնելը նա որպես ընկերության հիմնադիր գործուղվել է ՀՀ-ից, ներկա պահին նրա գործուղումը շարունակվում է և ավարտվելուց հետո՝ 5-10 օրվա ընթացքում կվերադառնա Հայաստանի Հանրապետություն` քննությանն անձամբ մասնակցելու նպատակով»,–հայտնել է փաստաբանը։
Նվեր Ծառուկյանի գործուղման վերաբերյալ փաստաթղթերը ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին։
Խաչատրյանի խոսքով` քրեական գործով հետաքրքրություն ներկայացնող բոլոր անձինք ներկայացել են վարույթն իրականացնող մարմին և դեպքի հանգամանքների վերաբերյալ տվել մանրամասն ցուցմունքներ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հոկտեմբերի 26–ին՝ ժամը 03:30–ի սահմաններում, Ծաղկաձորի «Կոսմոս» խաղատան աշխատակիցների և գործարար Գագիկ Ծառուկյանի որդու` Նվեր Ծառուկյանի ու նրա թիկնապահների միջև վիճաբանություն է եղել, որը վերածվել է ծեծկռտուքի, հնչել են կրակոցներ։
Նվեր Ծառուկյանի նկատմամբ 2024 թվականի նոյեմբերի 2-ին հանրային քրեական հետապնդում էր հարուցել քրեական օրենսգրքի 46-253-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ գույքի պահպանման համար նախատեսված միջոցը վնասելով կողոպուտ կատարելու դրդչություն), 297-րդ հոդվածի 3-րդ մասով (զենքի գործադրմամբ կատարված խուլիգանություն) և 335-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով հրազեն պահելը, կրելը):
Նվեր Ծառուկյանի նկատմամբ դատարանի որոշմամբ որպես խափանման միջոց է ընտրված կալանքը։