ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի - Sputnik. Իսրայելը, ԱՄՆ-ի հետ լիակատար համաձայնեցմամբ, Հարավային Լիբանանից բանակի աստիճանական դուրսբերումը կշարունակի նաև հրադադարի մասին համաձայնագրով նախատեսված 60-օրյա ժամկետի ավարտից հետո: Այս մասին հայտարարել է վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը։
«Լիբանանում հրադադարի հաստատման մասին համաձայնագրում որոշվել է, որ իսրայելական բանակի պլանային դուրսբերումը պետք է ավարտվի 60 օրվա ընթացքում։ Այս կետը ձևակերպվել է՝ ելնելով ընկալումից, որ դուրսբերման գործընթացը կարող է շարունակվել նաև 60 օրը լրանալուց հետո», - ասվում է հաղորդագրության մեջ։
Նեթանյահուի գրասենյակում ընդգծել են` իսրայելական ուժերի դուրսբերման գործընթացը պայմանավորված է նրանով, որ լիբանանյան բանակը տեղակայվելու է Լիբանանի հարավում և լիովին ու արդյունավետ ապահովելու է համաձայնագրի կատարումը՝ միաժամանակ՝ «Հզբոլլահ» շարժման ուժերն ու ենթակառուցվածքները հետ մղելով Լիթանի գետից հյուսիս:
«Քանի որ հրադադարը Լիբանանի կողմից դեռ լիովին չի իրականացվել, փուլային դուրսբերման գործընթացը կշարունակվի Միացյալ Նահանգների հետ լիակատար համակարգմամբ», - ասված է հաղորդագրության մեջ:
Գազայի հատվածում հակամարտության կողմերը՝ Իսրայելը և ՀԱՄԱՍ շարժումը, Կատարի, Եգիպտոսի և ԱՄՆ-ի միջնորդությամբ պայմանավորվել են հունվարի 19-ից 42 օրով հրադադարի մասին և հայտարարել, որ ձգտում են վերջնականապես ավարտել ռազմական գործողությունները, որոնք 15 ամսվա ընթացքում խլել են 46 հազար պաղեստինցիների և մոտ 1500 իսրայելցիների կյանք, տարածվել են Լիբանանում և Եմենում, հրահրել են Իսրայելի և Իրանի միջև հրթիռային հարվածների փոխանակում:
Սա հակամարտության ընթացքում երկրորդ հրադադարն է. առաջինը կնքվել է 2023 թվականի նոյեմբերին և տևել է ընդամենը 6 օր: