Ստամբուլում հայկական վարժարանի վրա հարձակում չի եղել, այլ այդ շենքում գործող քրդական հաստատության. Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է «Ակոս» շաբաթաթերթի հայերեն բաժնի խմբագրապետ Բագրատ Էստուկյանը` հավելելով, որ Տատյան վարժարանն արդեն 10 տարի է, այլ տեղում է գործում։
Մամուլում այսօր տեղեկություններ տարածվեցին, թե հունվարի 22-ի առավոտյան զինված հարձակում է տեղի ունեցել Ստամբուլում գործող Տատյան վարժարանի շենքի վրա։ Զինված հարձակման հետևանքով կոտրվել են շենքի ապակիները, պատերին փամփուշտի հետքեր են մնացել։ Ավելի ուշ հաղորդվեց նաև, որ հարձակում գործածները ձերբակալվել են։