Թեհրանից ոչ հեռու գտնվող նավթաբազայում գազի պահեստարան է այրվել

Հրդեհված նավթաբազայում 18 հազար տոննա նավթ է պահվում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի - Sputnik. Գազի պահեստարան է բռնկվել Թեհրանից հարավ գտնվող Բաղերշահր քաղաքի նավթաբազայում։ Այս մասին հայտարարել է Թեհրանի քաղաքապետարանի հակահրդեհային ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Ջալալ Մալեքին։
Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր տարածվել հրշեջ ծառայության ներկայացուցչի հիշատակած Բաղերշահր քաղաքից քիչ հյուսիս գտնվող Ռեյ քաղաքի նավթաբազայի տարածքում նավթի պահեստարանի բռնկման մասին:
«Այս միջադեպը տեղի է ունեցել Բաղերշահրում և Թեհրանի հարակից շրջաններում, այն ոչ մի կապ չունի Ռեյ քաղաքի հետ։ Թեհրանի քաղաքապետարանից օգնության հայց դեռ չի ստացվել, բայց մենք լիովին պատրաստ ենք օգնել և սարքավորումներ ուղարկել»,-ասել է Մալեքին, փոխանցում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով իրանական ԶԼՄ-ներին:
Նրա խոսքով՝ հրդեհված նավթաբազայում 18 հազար տոննա նավթ է պահվում։
Զոհերի կամ տուժածների մասին տեղեկություններ դեռ չկան: