ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի - Sputnik. ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին մտադիր է առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում այցելել Ռուսաստան և Ուկրաինա։ Այս մասին հաղորդում է Reuters-ը:
Ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ հունվարի 5-ին Ուկրաինայի զինված ուժերը փորձել են ութ անօդաչու թռչող սարքերով հարձակվել Զապորոժիեի ԱԷԿ-ի և Էներգոդար քաղաքի վրա, բոլորը խոցվել են, զոհեր և ավերածություններ ատոմակայանում չեն եղել:
Գործակալության տվյալներով՝ Գրոսին հայտարարել է, որ ՄԱԳԱՏԷ-ն մտահոգված է Զապորոժիեի ԱԷԿ-ի շրջանում ռազմական ակտիվությամբ:
Հիշեցնենք` Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է Դնեպրի ձախ ափին՝ Էներգոդար քաղաքի հարևանությամբ։ Բլոկների և տեղադրված հզորության քանակով այն ամենամեծն է Եվրոպայում. կայանում կա վեց էներգաբլոկ՝ յուրաքանչյուրը 1 գիգավատ հզորությամբ։ 2022 թվականի հոկտեմբերից կայանը գտնվում Է ՌԴ-ի վերահսկողության ներքո։ Կայանի բոլոր էներգաբլոկներն այս պահին գտնվում են «սառը անջատման» ռեժիմում և էլեկտրաէներգիա չեն արտադրում: