Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ է ընտրվել Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավարը

Արայիկ Հարությունյան Ծանրամարտի Եվրոպայի առաջնության հետհաշվարկի ժամացույցի մեկնարկի արարողությանը (2023թ, մարտի 17), Երևան
Արայիկ Հարությունյանը շուրջ 4 տարի է` ղեկավարում է վարչապետի աշխատակազմը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի – Sputnik. Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ է ընտրվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։ Տեղեկությունը հայտնում է «Արմենպրեսը»։

Նա ընտրվել է 4 տարի ժամկետով: Ֆեդերացիայի նախագահի այլ թեկնածու չի եղել։

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան 2016 թվականից ղեկավարում էր Հրաչյա Ռոստոմյանը, որն օրերս հայտարարեց պաշտոնը թողնելու մասին:
46-ամյա Արայիկ Հարությունյանը 2018-2019 թվականներին եղել է ՀՀ կրթության և գիտության նախարարը, 2019-2020 թվականներին` ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը, իսկ 2020 թ. նոյեմբերի 24-ին նշանակվել է վարչապետի գլխավոր խորհրդական: 2021 թվականի հուլիսի 1-ին նշանակվել է վարչապետի աշխատակազմի ղեկավար: