Մոսկվան շարունակում է գնահատել եղբայրական կապերը ՀՀ–ի և հայ ժողովրդի հետ. Լավրով

Սերգեյ Լավրովն ու Արարատ Միրզոյանը
Լավրովը խոսել է Մոսկվայի և Երևանի միջև առևտրատնտեսական հարաբերությունների վերելքի մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի — Sputnik. Մոսկվան միշտ գնահատել և շարունակում է գնահատել եղբայրական կապերը Հայաստանի և հայ ժողովրդի, մեր ռազմավարական գործընկերոջ և դաշնակցի հետ։ Այս մասին հայտարարեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում հայ գործընկերոջ` Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ։
«Մենք շահագրգռված ենք, որ բարեկամության ու բարիդրացիության դարավոր ավանդույթներն ամրապնդվեն ու զարգանան»,- ասաց նա։
Նա նշեց, որ Մոսկվայի և Երևանի միջև առևտրատնտեսական հարաբերությունները վերելք են ապրում։ Առևտրաշրջանառությունը հասել է ռեկորդային մակարդակի՝ նախորդ տարի կազմելով գրեթե 12 մլրդ դոլար։ Լավրովը նաև նշել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2024 թվականին երկու անգամ այցելել է Մոսկվա։
Նա ընդգծեց, որ 2025 թվականի մայիսին պատրաստվում են համատեղ տոնել Հայրենական մեծ պատերազմում հաղթելու 80-ամյակը։
Հիշեցնենք` Միրզոյանը Մոսկվա է մեկնել աշխատանքային այցով։ Կրեմլը երեկ հայտնել էր, որ արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները կարծիքներ կփոխանակեն ռուս-հայկական հարաբերությունների ամբողջ համալիրի, եվրասիական տարածքում ԵԱՏՄ և այլ ինտեգրացիոն միավորումների շրջանակներում համագործակցության, համաշխարհային օրակարգի արդիական հարցերի շուրջ, ուշադրության կենտրոնում կլինի Հարավային Կովկասի իրավիճակը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների հավասարակշռված կարգավորման հասնելու նպատակով։
Նշենք, որ նախարարները վերջին անգամ երկկողմ հանդիպում էին անցկացրել 2023 թվականի նոյեմբերին Հյուսիսային Մակեդոնիայում ԵԱՀԿ ԱԳ նախարարական խորհրդի շրջանակում։