ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի – Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ծրագրում է այսօր իր կաբինետի հետ քննարկել Անկարայի «ճանապարհային քարտեզը» ԱՄՆ-ում Դոնալդ Թրամփի նախագահության օրոք։ Այս մասին հայտնում է «Türkiye» թերթը՝ հղում անելով աղբյուրներին։
«ԱՄՆ-ում նախագահի փոփոխության հետ կապված՝ քննարկվելու են նաև Իրաքում և Սիրիայի հյուսիսում հակաահաբեկչական գործողությունները։ Քննարկվելու է նոր «ճանապարհային քարտեզը», որին պետք է հետևել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալությունից հետո։ Բազմակողմանիորեն կքննարկվի նաև այն հարցը, թե ինչպես հարաբերությունները կառուցել ԱՄՆ նոր վարչակազմի հետ»,- գրում է պարբերականը։
Հիշեցնենք, որ Դոնալդ Թրամփը հունվարի 20-ին պաշտոնապես ստանձնեց ԱՄՆ 47-րդ նախագահի պաշտոնը։ Երդմնակալության արարողությունը տեղի ունեցավ Վաշինգտոնում` Կապիտոլիումի գմբեթավոր շենքում, անոմալ ցածր ջերմաստիճանի պատճառով։
Միջոցառմանը ներկա էին նախկին նախագահներ Ջո Բայդենը, Բուշը, Քլինթոնը, ինչպես նաև այլ պետությունների ղեկավարներ։