ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի – Sputnik. ԱՄՆ նոր առաջնորդ Դոնալդ Թրամփը հրաման է ստորագրել՝ 90 օրով ժամանակավորապես դադարեցնելու այլ երկրներին ԱՄՆ-ի օգնության բոլոր ծրագրերը, հայտնում է RT-ն։
Նշվում է, որ առաջիկայում ստուգում է իրականացվելու՝ պարզելու, թե արդյոք աջակցության տրամադրումը համապատասխանում է նոր վարչակազմի քաղաքական նպատակներին։
«Օտարերկրյա հետագա որևէ օգնություն չպետք է հատկացվի այնպես, որ չհամապատասխանի ԱՄՆ նախագահի արտաքին քաղաքականությանը»,- հայտարարել է նա։
Առայժմ պարզ չէ, թե օգնության ինչ չափի վրա կազդի համապատասխան հրամանագիրը:
Բացի այդ, Թրամփը հրամաններ է ստորագրել Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից և կլիմայի մասին Փարիզի համաձայնագրից ԱՄՆ–ի դուրս գալու վերաբերյալ:
Մեկ այլ հրամանով Թրամփն արտակարգ դրություն է հայտարարել հարավային սահմանին՝ անօրինական ներգաղթը կասեցնելու նպատակով և թմրակարտելներին տվել ահաբեկչական կազմակերպությունների կարգավիճակ: Սպիտակ տան նոր ղեկավարը նաև հրաման է ստորագրել, որով չեղարկել է ծննդյան իրավունքով քաղաքացիություն շնորհելը։
Թրամփը նաև փաստաթուղթ է ստորագրել, որը թույլ է տալիս TikTok-ին գործել ԱՄՆ-ում, եթե բիզնեսի կեսը ամերիկյան ընկերության վաճառվի։
Հիշեցնենք, որ Դոնալդ Թրամփը հունվարի 20-ին պաշտոնապես ստանձնեց ԱՄՆ 47-րդ նախագահի պաշտոնը։ Երդմնակալության արարողությունը տեղի ունեցավ Վաշինգտոնում` Կապիտոլիումի գմբեթավոր շենքում, անոմալ ցածր ջերմաստիճանի պատճառով։
Միջոցառմանը ներկա էին նախկին նախագահները, այդ թվում՝ Ջո Բայդենը, ինչպես նաև այլ պետությունների ղեկավարներ։