Թրամփն օգնականներին հանձնարարել է հեռախոսազրույց կազմակերպել Պուտինի հետ. ԶԼՄ

Պուտինն ու Թրամփը
Զրույցի թեման, ըստ ԶԼՄ-ի, կլինի քաղաքական գործիչների առաջիկա հանդիպման քննարկումը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի – Sputnik. ԱՄՆ–ի 47–րդ նախագահ ընտրված Դոնալդ Թրամփը հանձնարարել է հեռախոսազրույց կազմակերպել Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ: Տեղեկությունը հայտնում է CNN-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին։
«Թրամփն իր օգնականներին հանձնարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույց կազմակերպել իր երդմնակալությունից հետո առաջիկա օրերին»,- ասվում է հայտարարության մեջ։
Նշվում է, որ զրույցի թեման լինելու է քաղաքական գործիչների առաջիկա հանդիպման քննարկումը, որը կփորձի վերջ դնել ուկրաինական հակամարտությանը: Դեռևս պարզ չէ` համաձայնեցված է արդյոք զրույցի օրը, թե ոչ։
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ կցանկանար հնարավորինս շուտ հանդիպել Պուտինի հետ։