Ազատի զորամասի հրդեհից օրեր առաջ զորամաս են այցելել հայտնի քրեական խմբավորման անդամներ. Նորայր Նորիկյան

Sputnik
Հունվարի 19-ին լրացել է Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված ողբերգական հրդեհի 2-րդ տարելիցը։
Հրդեհի հետևանքով զոհված զինծառայողնեի կյանքի համար առ այսօր ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել, դատավարությունը շարունակվում է, զոհերի հարազատների բազմաթիվ հարցերն առայժմ մնում են անպատասխան։ Լրագրողների հետ հանդիպմանն այսօր զինվորներից մեկի հայրը հայտնել է, որ իրենց հարցերին անգամ վարչապետը չի կարողացել պատասխանել, իր որակմամբ` կարկամել է։
Տուժող կողմի փաստաբան Նորայր Նորիկյանը հայտնել է, որ վկաների ցուցմունքներում բազմաթիվ հակասություններ կան, տարածքի միակ տեսախցիկը քննությունն իրականացնողներին չի հետաքրքրել, տեսագրությունը ժամանակի չի առգրավվել։
Նորիկյանը նաև կասկած է հայտնել, որ Ազատի զորամասի սպաները դիզվառելիքի առևտրով են զբաղվել և հիմա գործը ծածկադմփոց են անում։ Բացի այդ փաստաբանը նաև հայտարարել է, որ հրդեհից օրեր առաջ զորամաս են այցելել ՀՀ-ում հայտնի քրեական խմբավորման անդամներ։