ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի – Sputnik. Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Իրանի Իսլամական Հանրապետություն է մեկնել մասնավոր այցով։ Տեղեկությունը հայտնում է «Սրբազան պայքար» շարժումը։
Ավելի վաղ «Փաստ» թերթը գրել էր, որ Բագրատ սրբազանը երեկ մեկնել է Իրան և գաղտնի է պահել Իրան մեկնելու մասին տեղեկությունը։ Պարբերականը նաև գրել էր, որ հանդիպումներ են լինելու այդ երկրի բարձրաստիճան պաշտոնյաների և հոգևորականների հետ։
«Սրբազանի այցը հարևան երկիր կրում է մասնավոր բնույթ։ Օգտվելով Թեհրանում գտնվելու առիթից՝ «Սրբազան պայքարի» առաջնորդը նախօրեին հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ»,– ասված է «Սրբազան պայքար» շարժման հաղորդագրությունում։
Հունվարի 18-ի երեկոյան Բագրատ սրբազանը հանդիպելու է Իրանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։