ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի - Sputnik. Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է երկակի ստանդարտների և միաբևեռ աշխարհի անընդունելիության մասին: Մոսկվայում իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ ԻԻՀ նախագահը Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին իր բողոքն է հայտնել միջազգային կազմակերպությունների անգործության դեմ:
Նրա խոսքով՝ չի կարելի թույլ տալ մի իրավիճակ, երբ կանանց, երեխաներին սպանող, հիվանդանոցներին հարվածող երկրները կամ այն երկրները, որոնք աչք են փակում այդ ամենի վրա, սովորեցնում են մյուսներին:
«Երկակի ստանդարտների վերջը եկել է։ Մենք տեսանք, թե ինչ է կատարվում Լիբանանում, Սիրիայում, Գազայի հատվածում։ Դա չի տեղավորվում որևէ շրջանակում», - հայտարարել է նա։
Փեզեշքիանը կարծում է, որ չպետք է տարբերություն լինի մեծ և փոքր երկրների միջև, և մարդու իրավունքները պետք է հավասար լինեն բոլորի համար:
«Երբ որոշ երկրներ արհեստական բարդություններ են ստեղծում սահմաններին, ապա դա, իհարկե, մեծ խնդիր է։ Մենք կարող ենք լավ հարաբերություններ հաստատել տարածաշրջանային խաղացողների հետ և վերացնել խոչընդոտները։ Դա վերաբերում է հատկապես Մերձավոր Արևելքին», - հավելել է Իրանի նախագահը։
Հիշեցնենք, որ այսօր երկու Ռուսաստանի և Իրանի ղեկավարները Կրեմլում կայացած բանակցություններից հետո ստորագրել են համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագիրը: