ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի – Sputnik. Հայաստանն ու Հնդկաստանը պաշտպանության բնագավառի համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
Ըստ հաղորդագրության` գերատեսչության ղեկավար Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային, Հայաստանում նորանշանակ ռազմական կցորդ, ՌՕՈւ գնդապետ Մանիշ Տոլանիին և առաքելությունն ավարտող ռազմական կցորդ, բրիգադի գեներալ Նավին Նիջհավանին:
Պապիկյանը շնորհավորել է Հայաստանում առաքելությունը ստանձնող ռազմական կցորդին՝ կարևորելով առաջին անգամ Երևանում նստավայրով Հնդկաստանի ռազմական կցորդ նշանակելու հանգամանքը:
«Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Հնդկաստանի միջև պաշտպանության բնագավառում համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող հարցեր»,– ասված է հաղորդագրությունում:
Պապիկյանը Նավին Նիջհավանին շնորհակալություն է հայտնել Հայաստանի և Հնդկաստանի միջև պաշտպանության բնագավառում համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համար և պարգևատրել «Ռազմական համագործակցության համար» մեդալով:
Հիշեցնենք` ոչ պաշտոնական տեղեկություններով` Հայաստանը Հնդկաստանից ձեռք է բերել «Պինակա» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, «Konkurs» հակատանկային հրթիռային համալիրներ (արտադրվում է Հնդկաստանում ռուսական արտոնագրով), ինչպես նաև 80-մմ հաուբիցներ և այլ տեսակի սպառազինություն։