ՀՀ կոնյակի գործարանները վարկային տարկետում կստանան` ՌԴ շուկայում առկա խնդիրների պատճառով

Հայկական արտադրանքով բեռնատարները մեծ հերթերի մեջ են ընկնում Ռուսաստան մուտք գործելիս, քանի որ սահմանին սկսել են որակի ավելի խիստ ստուգումներ անցկացնել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի – Sputnik. Կոնյակի այն գործարանները, որոնք գյուղացիներից բերքի մթերման համար արտոնյալ վարկեր են վերցրել, տարկետում ստացան: Համապատասխան որոշումն այսօր ընդունվեց ՀՀ կառավարության նիստի ժամանակ։
2025 թ. այս արտոնությունը կկիրառվի 2022 թվականին վերցված ընդհանուր առմամբ 11,9 մլրդ դրամ վարկերի նկատմամբ։

Գինու և կոնյակի գործարաններին վարկերը տրամադրվում են 3 տարով։ Տնտեսվարողների մոտ վարկերի մարման հետ կապված դժվարություններ են առաջացել նախ՝ քանի որ վերջին մի քանի ամիսներին ռուբլու փոխարժեքը նվազել է (Ռուսաստան արտահանման համար վճարումը ստանում են ռուբլով)։

Բացի այդ, հայկական արտադրանքով բեռնատարները մեծ հերթերի մեջ են ընկնում Ռուսաստան մուտք գործելիս, քանի որ սահմանին սկսել են որակի ավելի խիստ ստուգումներ անցկացնել։
Որոշման նախագծի մեջ նշվում է, որ որակի կրկնակի ստուգմանն ուղղվում է բեռների մինչև 12 %–ը, իսկ պատասխանին պետք է սպասել 30–60 օր։ Արդյունքում, ապրանքը ուշ է հասնում գնորդներին, որոնք էլ ուշացման համար տուգանքներ են կիրառում մինչև 20 %–ի չափով։
Նշենք, որ 2023 թվականին կառավարությունն արդեն նման տարկետում տվել էր կաթնամթերքի և պտուղ-բանջարեղենի գործարաններին։