Երևանի արձագանքը տարակուսանք է առաջացնում, քանի որ խոսքը լրագրողների արտահայտությունների մասին է: Այս հայտարարությունն արել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Հունվարի 15-ին հայտնի դարձավ, որ ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը կանչվել է ԱԳՆ Ռուսաստանի Դաշնության համառուսաստանյան պետական հեռուստատեսության եթերում թողարկված «Շաբաթվա լուրեր» հաղորդման պատճառով, որի ընթացքում, ըստ ՀՀ ԱԳՆ–ի, հնչեցվել են արհեստականորեն գեներացված խոսույթներ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ։
«Մենք միշտ Երևանից լսել ենք, որ Հայաստանը հավատարիմ է խոսքի ազատությանը, և Հայաստանի ներկայիս ղեկավարությունը դա դարձրել է իր հրամայականը։ Մեր պաշտոնական արձագանքը, ոչ թե տեսակետը, այլ պետության պաշտոնական դիրքորոշումը հայտնի է Երևանին», - նշել է Զախարովան։
Նրա խոսքով՝ Մոսկվան հետամուտ է Հարավային Կովկասում տրանսպորտային և տնտեսական բոլոր կապերի համալիր ապաշրջափակմանը 2020-2022 թվականների բարձր մակարդակի եռակողմ պայմանավորվածությունների հիման վրա։
Խոսքը Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությունների մասին է։
«Ապաշրջափակվում են տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը։ Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը երկու ուղղություններով, տրանսպորտային միջոցների, բեռների քաղաքացիների անարգել երթևեկությունը կազմակերպելու նպատակով», - հիշեցրել է Զախարովան։
Նա ընդգծել է, որ տրանսպորտային հաղորդակցության վերահսկողությունն իրականացնում են Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները, իսկ կողմերի համաձայնությամբ ապահովվում է Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը Ադրբեջանի արևմտյան շրջանների հետ կապող նոր տրանսպորտային հաղորդակցությունների կառուցումը:
Զախարովան նշել է, որ հենց այս տրամաբանությունն է դրված Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների նախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի գործունեության հիմքում: Խմբի շրջանակում հաջողվել է հասնել զգալի գործնական արդյունքների, ընդհուպ մոտենալ Ադրբեջանի և Հայաստանի միջև երկաթուղային հաղորդակցության վերականգնմանն ու կազմակերպմանը:
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը հիշեցրել է, որ եռակողմ աշխատանքային խմբում երբեք խոսք չի եղել Հայաստանում արտատարածքային որևէ միջանցք ստեղծելու մասին: Ընդհակառակը` ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ իրենց տարածքով անցնող երթուղիների նկատմամբ երկրներն ունեն ինքնիշխանություն և իրավասություն։
«Ցավոք, արևմտականների ապակառուցողական ազդեցության և աշխատանքային խմբում աշխատող հայկական կողմի որոշման պատճառներով, ինչպես գիտեք, աշխատանքները նույնպես կանգ են առել», - նշել է նա:
Զախարովան համոզմունք է հայտնել, որ խմբում լիարժեք փոխգործակցության շուտափույթ վերականգնումը կնպաստի ոչ միայն Հարավային Կովկասի տրանսպորտային-հաղորդակցական համակարգի վերականգնմանը, այլև ողջ տարածաշրջանի հետագա սոցիալ-տնտեսական զարգացման ապահովմանը: