Ձերբակալվել են գեներալ Կիրիլովի դեմ ահաբեկչությանը մասնակցած 2 անձինք

Ահաբեկչության վայրը
Բատուխան Տոչիևին և Ռամազան Պադիևին կազմակերպված խմբի կողմից ահաբեկչական գործողություն կատարելու մեղադրանք է ներկայացվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի – Sputnik. Իրավապահները շարունակում են բացահայտել ՌԴ ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության ուժերի ղեկավար, գեներալ-լեյտենանտ Իգոր Կիրիլովի և նրա օգնական մայոր Իլյա Պոլիկարպովի դեմ ահաբեկչության պատվիրատուներին և կազմակերպիչներին։ ՌԻԱ Նովոստիին այս մասին հայտնել է Ռուսաստանի քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն:
Նա հայտնել է, որ հետաքննությունը պարզել է ևս 2 մարդու մասնակցությունը Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչությանը: Խոսքը Բատուխան Տոչիևի և Ռամազան Պադիևի մասին է, որոնք արդեն ձերբակալվել են: Նրանց մեղադրանք է առաջադրվել ՌԴ քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 3-րդ մասի «բ» կետով («կազմակերպված խմբի կողմից ահաբեկչական գործողություն կատարելը»):
Հետաքննության վարկածով՝ 2024 թվականի նոյեմբերին Տոչիևն ու Պադիևն անհայտ հրահանգողի ցուցումով Մոսկվայի մարզի հանրակացարանում սենյակ են վարձել հանցագործությունն իրականացնողի՝ Ահմաջոն Կուրբոնովի համար։ Միևնույն ժամանակ Տոչիևը ապաստան վճարելու համար գումար է ստացել իր հաշվին, իսկ նրա հանցակիցն անձամբ գնացել է հանրակացարան, որպեսզի փոխանցի գումարը։
Հիշեցնենք` ահաբեկչությունն իրագործվել է դեկտեմբերի 17-ի առավոտյան Մոսկվայի Ռյազանսկի պողոտայում։ Ինքնագլորի վրա տեղադրված պայթուցիկ սարքը գործարկվել է բնակելի շենքի շքամուտքի մոտ, ինչի հետևանքով մահացել են գեներալ-լեյտենանտ Կիրիլովը և մայոր Պոլիկարպովը։
Քրեական գործ է հարուցվել ահաբեկչության, սպանության և զենքի ապօրինի շրջանառության հոդվածներով։