ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի – Sputnik. Ադրբեջանում ապօրինի պահվող հայերի վերադարձը ՀՀ պետական մարմինների իրավական ու բարոյական պարտավորությունների մեջ է։ Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի ազգային ժողովը 16 հայ պատանդի նկատմամբ Ադրբեջանի կողմից սկսվող ապօրինի ու կեղծ դատավարության կապակցությամբ։
Հայտարարությունում ասվում է, որ Ադրբեջանում ապօրինի պահվող 16 հայ պատանդի նկատմամբ սպասվող կեղծ դատավարությունը նպատակ ունի փոշիացնելու նրանց հիմնարար իրավունքներն ու ընդգծելու Ադրբեջանի կողմից օրեցօր ուժգնացող հայատյաց քաղաքականությունը:
«Մարդու իրավունքներով և տարածաշրջանային խաղաղությամբ մտահոգ պետություններից, միջազգային կառույցներից, իրավապաշտպան կազմակերպություններից ակնկալում ենք, որ գործնական քայլեր կձեռնարկեն՝ նպաստելու բոլոր պատանդների անհապաղ ազատ արձակմանը։ Կոչ ենք անում միջազգային հանրությանը դատապարտել Ադրբեջանի հակամարդկային քաղաքականությունը և կանխել ապօրինի դատավարության իրականացման ցանկացած փորձ»,– ասված է հայտարարությունում։
Արցախի ԱԺ–ն նաև ակնկալում է ՀՀ իշխանություններից, որ հետևողականորեն ու վճռականորեն բարձրացնեն այս հարցը բոլոր համապատասխան ատյաններում և բանակցություններում։
Խորհրդարանականները վստահեցնում են` Բաքվում անցկացվելիք «դատավարությունն» ակնհայտ շինծու մեղադրանքներով և բազմաթիվ ընթացակարգային իրավախախտումներով է իրականացվելու ու չի կարող օրինական և լեգիտիմ համարվել։ Ադրբեջանական վարչակազմն ուղղակիորեն փորձում է լեգիտիմացնել ցեղասպանական քաղաքականությունը, որն արդեն երկար տարիներ վարում է բոլոր հայերի և հատկապես Արցախի ժողովրդի նկատմամբ։
Արցախի ԱԺ–ն վերահաստատել է իր հանձնառությունը իր ունեցած հնարավորությունների շրջանակներում պաշտպանելու Արցախի ժողովրդի իրավունքներն ու հավաքական շահերը, որի կարևոր բաղադրիչներից մեկն էլ գերեվարված հայերի անհապաղ վերադարձն է հայրենիք:
Հիշեցնենք, որ Բաքուն պաշտոնապես հաստատում է 23 հայերի գերեվարման փաստը, որոնցից 17-ը այնտեղ են հայտնվել Արցախի դեմ Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայից հետո: Նրանց թվում են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչները` Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը, Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը, ԼՂ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանն ու Արայիկ Հարությունյանը։