ԱՄՆ–ի և ՀՀ–ի միջև ստորագրության նախապատրաստվող «Համաձայնագիր 123»–ը Հայաստանում ամերիկյան նոր ատոմային կայանի կառուցում չի ենթադրում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է Էներգետիկ անվտանգության փորձագետ Արթուր Ավետիսյանը։
«Դա անհրաժեշտ է, բայց բավարար չէ։ Եթե որոշում կլինի, որ Հայաստանը պետք է, այնուամենայնիվ, փոքր մոդուլային ռեակտորներ ներդնի, դ չի նշանակում, որ մեր ընտրությունը սահմանափակվում է, և դա չի կարող լինել ռուսական, Կորեական կամ, ասենք` չինական»,– ասել է փորձագետը։
Հայաստանի և ԱՄՆ–ի միջև Ռազմավարական գործընկերության կանոնադրության ստորագրման արարողությանը ԱՄՆ պետքարտուղարն անդրադարձավ նաև փաստաթղթով նախատեսվող էներգետիկ ոլորտի համագործակցությանը` ասելով` «Մենք ամրապնդել ենք էներգետիկայի ոլորտում մեր փոխգործակցությունը և այժմ պատրաստ ենք սկսել խաղաղ ատոմի վերաբերյալ համաձայնագրի վրա աշխատանքը»։
Խոսքը, այսպես կոչված` «Համաձայնագիր 123»–ի մասին է։ 6 էջանոց այս փաստաթուղթը ներառում է բոլոր այն նախապայմանները, որոնք Հայաստանը պետք է իրականացնի ԱՄՆ-ից միջուկային տեխնոլոգիաներ ստանալու համար: