ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի – Sputnik. «Վերին Լարս» անցակետը փակ է բեռնատարների համար։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՌԴ -ում ՀՀ դեսպանատան մաքսային կցորդ Վահան Հակոբյանը:
«Միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում տեղացող ձյան պատճառով Խաչի լեռնանցքը երկու ուղղություններով փակվել է բեռնատար տրանսպորտի համար»,–ասաց նա։
Թեթև մարդատար տրանսպորտի համար ճանապարհը մնում է բաց:
Իսկ Ճանապարհային դեպարտամենտից հայտնում են, որ հունվարի 15-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, Հրազդանի տարածաշրջանում խիտ մառախուղ է՝ 20-30 մետր, իսկ Աբովյանի, Արարատի, Թալինի, Սևանի տարածաշրջաններում՝ 50-100 մետր տեսանելիության։
Տեղեկացվում է նաև. որ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։
Հիշեցնենք` Վրաստանը Մցխեթա–Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհի ամենավտանգավոր հատվածը (Գուդաուրի–Կոբի) շրջանցող ճանապարհ է կառուցում։ Խոսքը ինը կիլոմետրանոց թունելի մասին է։
Նախագծով նախատեսվում է կառուցել 23 կմ երկարությամբ երկշերտ բետոնե ճանապարհ, 5 կամուրջ, 5 թունել։ Նախագծի ավարտից հետո տրանսպորտային միջոցները Թբիլիսիից Ստեփանծմինդա (ՌԴ-ի հետ սահմանին) կհասնեն 1 ժամ 45 րոպեում (այժմ հասնում են 2 ժամ 30 րոպեում)։ Արդյունքում մեքենաների անխափան երթևեկություն կապահովվի ամբողջ տարվա ընթացքում: