Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բաց է բոլոր տեսակի մեքենաների համար

Ճանապարհի նշված հատվածում երթևեկությունը կիրականացվի անխափան՝ միայն ձնահոսքի թունելներով:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի – Sputnik. Միջազգային նշանակության Մցխեթա–Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհի Գուդաուրի–Կոբի հատվածում վերականգնվել է կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների երթևեկությունը:
Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՌԴ -ում ՀՀ դեսպանատան մաքսային կցորդ Վահան Հակոբյանը:
Ճանապարհի նշված հատվածում երթևեկությունը կիրականացվի անխափան՝ միայն ձնահոսքի թունելներով:
Հիշեցնենք, որ գիշերը Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը փակվել էր բեռնատարների համար։
Հիշեցնենք նաև` Վրաստանը Մցխեթա–Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհի ամենավտանգավոր հատվածը (Գուդաուրի–Կոբի) շրջանցող ճանապարհ է կառուցում։ Խոսքը ինը կիլոմետրանոց թունելի մասին է։
Նախագծով նախատեսվում է կառուցել 23 կմ երկարությամբ երկշերտ բետոնե ճանապարհ, 5 կամուրջ, 5 թունել։ Նախագծի ավարտից հետո տրանսպորտային միջոցները Թբիլիսիից Ստեփանծմինդա (ՌԴ-ի հետ սահմանին) կհասնեն 1 ժամ 45 րոպեում (այժմ հասնում են 2 ժամ 30 րոպեում)։ Արդյունքում մեքենաների անխափան երթևեկություն կապահովվի ամբողջ տարվա ընթացքում: