ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի - Sputnik. Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը ՀՀ ԱԳ նախարարություն է կանչվել, հայտնում են ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունից։
Նշվում է, որ պատճառը 2025թ. հունվարի 12-ին Ռուսաստանի Դաշնության համառուսաստանյան պետական հեռուստատեսության եթերում թողարկված «Շաբաթվա լուրեր» հաղորդումն է, որի ընթացքում «հնչեցվել էին արհեստականորեն գեներացված խոսույթներ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ»։
Հանդիպման ընթացքում դեսպանին է հանձնվել համապատասխան բողոքի հայտագիր:
Նշենք, որ հունվարի 12-ին Դմիտրի Կիսելյովի ամփոփիչ ծրագրում ռեպորտաժ էր հրապարակվել հայ-ադրբեջանական հարաբերությունների, տարածաշրջանային կոմունիկացիաների բացման եւ ԵՄ-ին անդամակցության գործընթացին աջակցելու` Հայաստանի կառավարության որոշման մասին: