ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի – Sputnik. Կիևի վերահսկողության տակ գտնվող տարածքից 25 զինծառայող է վերադարձվել։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
«Բանակցային գործընթացի արդյունքում հունվարի 15-ին վերադարձվել է 25 ռուս զինծառայող։ Փոխարենը փոխանցվել է Ուկրաինայի զինված ուժերի 25 ռազմագերի», - ասված է հաղորդագրության մեջ։
Վերադարձված բոլոր զինծառայողները գտնվում են Բելառուսում, որտեղ նրանց ցուցաբերվում է անհրաժեշտ հոգեբանական և բժշկական օգնություն, ինչպես նաև հնարավորություն է ընձեռվում կապ հաստատել հարազատների հետ: Այնուհետև նրանց կտեղափոխեն ՌԴ՝ պաշտպանության նախարարության բուժհաստատություններում բուժում և վերականգնում անցնելու համար։
Նշվում է նաև, որ բանակցություններում միջնորդ է հանդես եկել Արաբական Միացյալ Էմիրությունները:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ 2024 թվականի դեկտեմբերի 30-ին վերադարձվել է ՌԴ 150 զինծառայող, փոխարենը Ուկրաինայի զինված ուժերին հանձնվել է 150 ռազմագերի։