Գազայի վերաբերյալ համաձայնագիրը կարող է վերջնականապես համաձայնեցվել այս գիշեր

Գազայի հատված
ՀԱՄԱՍ շարժումը հրաժարվել է Գազայի հատվածի և Եգիպտոսի հետ սահմանին իսրայելական ուժերի տեղակայումը փոխելու պահանջից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի – Sputnik. Գազայի հատվածի և պատանդների ազատ արձակման վերաբերյալ համաձայնագրում մի քանի չլուծված հարցեր կան, որոնք հնարավոր է` կարգավորվեն առաջիկա ժամերին: Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը։
«Մենք հուսով ենք, որ չլուծված հարցերը կհամաձայնեցվեն այս գիշեր»,-ասվում է հայտարարության մեջ:
Գրասենյակում ընդգծել են, որ Նեթանյահուի վճռական դիրքորոշման շնորհիվ ՀԱՄԱՍ շարժումը հրաժարվել է Գազայի հատվածի և Եգիպտոսի հետ սահմանին իսրայելական ուժերի տեղակայումը փոխելու պահանջից:
Հիշեցնենք` 2023 թ. հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելն էլ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման դեմ ռազմական գործողություն սկսեց։
ՌԴ ԱԳՆ-ն կողմերին կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները։ Մոսկվան հայտարարել է, որ կարգավորումը հնարավոր է միայն ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևերի հիման վրա, որոնք ենթադրում են պաղեստինյան պետության ստեղծում 1967 թվականի սահմաններով՝ Արևելյան Երուսաղեմ մայրաքաղաքով: