ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի – Sputnik. ԱՄՆ-ն ընդլայնել է Ռուսաստանի նկատմամբ սահմանափակումների ցանկը՝ պատժամիջոցներ սահմանելով Զապորոժիեի ատոմակայանի և «Պատրիոտ» ցուցահանդեսային կենտրոնի դեմ։ Այս մասին ասվում է ԱՄՆ ֆինանսների նախարարության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ: ԱՄՆ-ի նոր սահմանափակումների ցանկում են հայտնվել 16 ֆիզիկական անձինք և տասնյակ ընկերություններ, այդ թվում՝ «Վոենտորգ» ընկերությունը։
Բացի այդ, պատժամիջոցներ են սահմանվել Կորոլյովի մեքենաշինության կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտի (ЦНИИмаш) դեմ, որն ընդգրկված է «Ռոսկոսմոսի» կազմում։
Անցած շաբաթ ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի էներգետիկ հատվածի հետ կապված ավելի քան 200 ընկերությունների և ֆիզիկական անձանց, ինչպես նաև ավելի քան 180 նավերի դեմ: Պատժամիջոցների նպատակն է սահմանափակել ՌԴ–ի մուտքը միջազգային շուկաներ և կրճատել նավթի ու գազի արտահանումից ստացվող եկամուտները: Փաթեթի շրջանակում սահմանափակումներ են մտցվում նաև էներգառեսուրսների արդյունահանման և վերամշակման հետ կապված ձեռնարկությունների, ինչպես նաև դրանց փոխադրման մեջ ներգրավված նավերի դեմ:
Ռուսաստանը բազմիցս հայտարարել է, որ երկիրը կհաղթահարի պատժամիջոցային ճնշումը։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ նշել էր, որ Ռուսաստանին զսպելու և թուլացնելու քաղաքականությունը Արևմուտքի երկարաժամկետ ռազմավարությունն է, իսկ պատժամիջոցները լուրջ հարված են հասցրել համաշխարհային ամբողջ տնտեսությանը: Նրա խոսքով՝ Արևմուտքի հիմնական նպատակը միլիոնավոր մարդկանց կյանքը վատթարացնելն է։ Արևմուտքի երկրներում բազմիցս կարծիքներ են հնչել, որ պատժամիջոցներն անարդյունավետ են։