Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն` 2024 թվականին Հայաստանում ծնելիության մակարդակը նախորդ տարվա համեմատ նվազել է 7.8 տոկոսով։ Անցած տարվա 11 ամիսներին մեր երկրում ծնվել է 30 916 երեխա, մինչդեռ 2023 թվականի նույն ժամանակահատվածում գրեթե 2.5 հազարով ավելի շատ երեխաներ են լույս աշխարհ եկել։
Դրան զուգահեռ, 9.9 տոկոսով ավելացել են նաև մեռելածնության դեպքերը։ Ընդհանուր առմամբ` մեր երկրում 1 տարվա ընթացքում ավելի շատ մահ է գրանցվում, քան ծնունդ։
Իրավիճակը շտկելու նպատակով կառավարությունն անցած տարի հոկտեմբերին ընդունեց ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թվականների ռազմավարությունը։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն էլ օրեր առաջ հանրային քննարկման ներկայացրեց ռազմավարության գործողությունների ծրագրի նախագիծը։ Ծրագրի հիմնական ուղղությունը ծնելիության և բազմազավակության խթանումն է, և այդ նպատակով` աղքատության հաղթահարումը։
«Բարեկեցության մակարդակի բարձրացումն ամենևին էլ չի նշանակում, որ դա կնպաստի ծնելիության աճին».-Sputnik Արմենիայի հետ զրույցում արձանագրել է ժողովրդագրագետ Արտակ Մարկոսյանը։