Կլինի և մի շաբաթ, երբ գուցե այդ լուրերը ճիշտ լինեն․ Ավանեսյանը՝ իր հրաժարականի մասին

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ասուլիսին
Նախարարին նաև բարկացրեց հերթական անգամ բարձրացված հարցը, թե ինչ առնչություն կա իր ընտանիքի ու «Ուիգմոր քլինիքի» միջև։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի – Sputnik. ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանգիստ և հումորով է վերաբերվում իրեն պաշտոնից ազատելու մասին ասեկոսեներին։ Այդ մասին նա ասաց այսօր 2024թ․ աշխատանքների ամփոփիչ ասուլիսի ժամանակ։ Նախարարը հիշեցրեց՝ նման լուրեր արդեն մոտ 3-4 տարի է՝ շրջանառվում են։ Չի բացառում, որ մի օր էլ այդ զրույցները կարող են ճիշտ լինեն, և դա նորմալ է։
«Ամեն շաբաթ նման բան գրվում է։ Կլինի և այնպիսի շաբաթ, որ գուցե և այդ լուրը ճիշտ լինի, հանգիստ եմ վերաբերվում»,- ասաց Ավանեսյանը։
Անդրադառնալով այն հարցին, որ հենց ՔՊ-ի ներսում են նման նախաձեռնություններ լինում՝ Ավանեսյանը կրկին նորմալ անվանեց դա։ Ըստ նրա՝ կուսակցության ներսում աշխատում են ինքնաքննադատական, կառուցողական մեխանիզմներ, ու դա լավ է։
Ինչ վերաբերում է Ավանեսյանի ընտանիքի ու «Ուիգմոր քլինիքի» մասին կապին՝ նախարարն ասաց՝ հոգնել է ամեն օր հերքել այդ լուրերը, ժխտել մի բան, որ չկա․ հավելեց՝ այսուհետև իրեն նման հարց ուղղեն միայն դեպքում, երբ նման առնչության մասին ապացույց կունենան։