Հութիները հայտարարել են, որ հարվածել են Իսրայելի պաշտպանության նախարարությանը

Սա իսրայելական օբյեկտների վրա երրորդ հարձակումն է վերջին 12 ժամվա ընթացքում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի – Sputnik. Եմենի հյուսիսում իշխող շիական «Անսար Ալլահ» (հութիներ) շարժումը հայտարարել է, որ «Պաղեստին-2» գերձայնային բալիստիկ հրթիռ է արձակվել Թել Ավիվում Իսրայելի պաշտպանության նախարարության ուղղությամբ։
Ըստ հութիների զինված ուժերի հայտարարության` սա իսրայելական օբյեկտների վրա երրորդ հարձակումն է վերջին 12 ժամվա ընթացքում։
«Մենք ռազմական գործողություն ենք իրականացրել թշնամու պաշտպանության նախարարության դեմ օկուպացված Յաֆֆայում (Թել Ավիվ)՝ օգտագործելով «Պաղեստին-2» գերձայնային բալիստիկ հրթիռ: Հրթիռը հասել է թիրախին, որսացող համակարգերը չեն կարողացել կանգնեցնել այն», – պնդում են հութիները։
Երեկ երեկոյան շարժումը հայտարարել էր, որ Թել Ավիվում մի քանի կարևոր թիրախ է խոցվել։
ԱՄՆ-ն և Բրիտանիան հարվածել են հութիների` Եմենում գտնվող օբյեկտներին
Հիշեցնենք` Եմենի հյուսիսում իշխող «Անսար Ալլա» շարժումը, որը վերահսկում է Կարմիր ծովի եմենյան ափերի մեծ մասը, Գազայի հատվածում հակամարտության սրումից հետո զգուշացրեց, որ կհարձակվի Իսրայելի հետ կապ ունեցող ցանկացած նավի վրա, և մյուս երկրներին հորդորեց հետ կանչել իրենց անձնակազմերը։ 2023 թվականի նոյեմբերից ի վեր հութիները Կարմիր ծովում և Ադենի ծոցում հարձակվել են տասնյակ քաղաքացիական նավերի վրա։
«Անսար Ալլահի» գործողություններին ի պատասխան՝ ամերիկյան իշխանությունները հայտարարեցին միջազգային կոալիցիայի ձևավորման և Կարմիր ծովում նավագնացության ազատության ապահովման նպատակով «Բարգավաճման պահապան» գործողության մեկնարկի մասին: Հետագայում Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի զինված ուժերը սկսեցին պարբերաբար հարվածներ հասցնել Եմենի տարբեր նահանգներում ապստամբների ռազմական օբյեկտներին։
Հութիները գերձայնային հրթիռով հարվածել են Թել Ավիվի շրջանում գտնվող ռազմական օբյեկտին