ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի - Sputnik. Եվրասիական տնտեսական հանձնաժողովը որոշում է ընդունել Ճապոնիայից, Թաիլանդից, Թուրքիայից և Մալայզիայից ձուլածո ալյումինե անվահեծերի համար հակագնանկման տուրք սահմանելու մասին, հաղորդում է ԵՏՀ մամուլի ծառայությունը:
Ինչպես ճշտել են մամուլի ծառայությունում, տվյալ կարգավորման գործողության ժամկետը կկազմի 5 տարի, իսկ մաքսային արժեքի 9,38-42,82 %-ի չափով տուրքը, որը կախված է արտադրության երկրից, կկիրառվի 13-ից մինչև 20 դյույմ տրամագծով անվահեծերի վրա:
«Գնանկմամբ զբաղվող երկրներից ձուլածո ալյումինե անվահեծերի արտադրողների գնային քաղաքականությունը հանգեցրել է նրան, որ մեր սեփական ընկերությունները ներքին շուկայում մասնաբաժնի կորստի պայմաններում չեն կարողացել բարձրացնել ապրանքի իրացման գինը՝ դրա ինքնարժեքի աճին համաչափ։ Արդյունքում, դրանց վաճառքը դարձել է վնասաբեր, իսկ արտադրության շահութաբերությունը՝ բացասական», - հայտարարել է ԵՏՀ առևտրի նախարար Անդրեյ Սլեպնյովը։
Տվյալ որոշումն ընդունվել է հակագնանկման ուսումնասիրության արդյունքներով, որն սկսվել է ԵՏՀ ներքին շուկայի պաշտպանության վարչության կողմից 2023 թվականի մարտի 1-ին, և ուժի մեջ կմտնի դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օր հետո, հստակեցրել են մամուլի ծառայությունում։