ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի – Sputnik. Ռուսաստանին չեն կարող չանհանգստացնել ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի` Գրենլանդիան Միացյալ Նահանգներին միացնելու մասին հայտարարությունները։ Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին ասել է ՌԴ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն։
«Նման հայտարարությունների հետևում Արկտիկայում ներկայությունն ուժեղացնելու և ընդլայնելու ամերիկյան ձգտումն է։ Ռուսաստանի համար Արկտիկան ռազմավարական և աշխարհաքաղաքական հսկայական նշանակություն ունի, և մեզ չեն կարող չանհանգստացնել այդպիսի անհասկանալի անցումները», - նշել է Մատվիենկոն։
Դաշնության խորհրդի նախագահի խոսքով` չի կարելի բացառել միջազգային իրավունքի խախտման հնարավորությունը։
Ըստ Մատվիենկոյի` արդեն կան օրինակներ, երբ ԱՄՆ-ն, հակառակ միջազգային իրավունքի, փորձել է ընդլայնել ափագիծը, ինչն անթույլատրելի է, քանի որ կա ձևավորված միջազգային իրավունք, և կան կանոններ:
ԱՄՆ նախագահ ընտրված Դոնալդ Թրամփը հունվարի 7-ին հայտարարել է, որ Գրենլանդիան պետք է Միացյալ Նահանգների մաս դառնա, և ընդգծել է դրա ռազմավարական կարևորությունն ազգային անվտանգության և «ազատ աշխարհի» պաշտպանության համար, այդ թվում՝ Չինաստանից և Ռուսաստանից: Գրենլանդիայի վարչապետ Մուտե Էգեդեն իր հերթին հայտարարել է, որ կղզին չի վաճառվում և երբեք չի վաճառվի:
Գրենլանդիան մինչև 1953 թվականը եղել է Դանիայի գաղութը և շարունակում է Դանիական թագավորության մաս մնալ, բայց 2009-ին ստացավ ինքնավարություն՝ ներքին քաղաքականության մեջ ինքնակառավարման և ինքնուրույն ընտրության հնարավորությամբ: 2019 թվականին ԶԼՄ-ներում հայտնվեցին մի շարք հրապարակումներ այն մասին, որ Թրամփը դիտարկում է Գրենլանդիան գնելու հնարավորությունը։