ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի - Sputnik. Մեր մտքերը Կալիֆոռնիայի բնակիչների հետ են, ովքեր բախվում են ավերիչ անտառային հրդեհների, X-ում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մեր համերաշխությունն ենք հայտնում բոլոր տուժածներին, ներառյալ՝ մեր ակտիվ հայ համայնքին Լոս Անջելեսում և ողջ Կալիֆոռնիայում: Մենք ձեզ հետ ենք հոգով և ձեզ ուժ ենք մաղթում այս ողբերգական պահին»,-մասնավորապես գրել է նա։
Հիշեցնենք` հունվարի 7-ին Կալիֆոռնիայում անտառային հրդեհների հետևանքով մահացածների թիվը հասել է 24-ի։
Անկախ կազմակերպությունների գնահատականներով՝ ԱՄՆ–ում բռնկված հրդեհների հասցրած վնասները կարող են հասնել 150 միլիարդ դոլարի։ Այրվել են ավելի քան 10 հազար շինություններ, այդ թվում՝ դպրոցներ, եկեղեցիներ։ Ավելի քան 180 հազար մարդ տարհանման հրահանգ է ստացել։
Հրդեհները հասել են նաև հայաշատ քաղաքներ, հայ համայնքի ներկայացուցիչները ևս գույքային վնասներ են կրել, ամբողջությամբ այրվել է Սահակ-Մեսրոպ վարժարանը։