ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի – Sputnik. ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը կիսահաղորդիչների և արհեստական բանականության (ԱԲ) տեխնոլոգիաների արտահանման նոր կանոններ է հաստատել: Տեղեկությունը հայտնել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։
Փաստաթղթում ընդգծվում է, որ արհեստական բանականությունը դառնում է գլոբալ անվտանգության և տնտեսական ազդեցության առանցքային գործոն:
ԱՄՆ-ն պետք է առաջատար դիրք զբաղեցնի այս անցումային փուլում, որպեսզի ամերիկյան տեխնոլոգիաները դառնան աշխարհում ԱԲ-ի կիրառման հիմքը, իսկ հակառակորդները չկարողանան չարաշահել առաջադեմ մշակումները», - նշվում է հայտարարության մեջ:
Նոր կանոնների համաձայն՝ կիսահաղորդիչների և արհեստական բանականության տեխնոլոգիաների մատակարարումն առանց սահմանափակումների թույլատրվում է ԱՄՆ-ի 18 դաշնակից և գործընկեր երկրներում: Տվյալ սահմանափակումները չեն տարածվում նաև այդ երկրներում և ԱՄՆ-ում գործող մասնավոր ընկերությունների վրա, որոնք համապատասխանում են անվտանգության պահանջներին:
Այն երկրների համար, որոնք դաշնակիցների ցուցակում չեն, բայց նաև չեն համարվում «մտահոգություն առաջացնող», մտցվում են մատակարարման քվոտաներ և պարտադիր լիցենզավորում:
ԱՄՆ-ն «մտահոգություն առաջացնող» պետությունների նկատմամբ խստացնում է սահմանափակումները. արգելվում են ԱԲ-ի առավել հզոր մոդելների և այդ տեխնոլոգիաներում կիրառվող առաջադեմ չիպերի մատակարարումները: Նման երկրների ցանկում են Ռուսաստանը, Չինաստանը, Բելառուսը, ԿԺԴՀ-ն, Իրանը, Աֆղանստանը, Վենեսուելան և այլն:
Բայդենի վարչակազմն ընդգծել է, որ նոր միջոցները կոչված են կանխելու տեխնոլոգիաների օգտագործումը չարագործների կողմից, որոնք կարող են դրանք ուղղել ԱՄՆ-ի դեմ: