ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի - Sputnik. Ստեղծվել է մազութի արտահոսքով պայմանավորված արտակարգ դրության վերացման դաշնային օպերատիվ շտաբ, դրա անդամներն ու արտակարգ իրավիճակների նախարար Ալեքսանդր Կուրենկովը ժամանել են Անապա, հայտնել են Ռուսաստանի ԱԻՆ մամուլի ծառայությունից:
Ինչպես հայտնել են ՌԴ ԱԻՆ մամուլի ծառայությունում, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանձնարարությամբ ձևավորված դաշնային շտաբը կաշխատի անմիջապես արտակարգ իրավիճակի վայրում՝ մինչև մազութի թափման հետևանքների ամբողջական վերացումը:
Նշվում է, որ շտաբում ընդգրկվել են տարբեր դաշնային նախարարությունների և գերատեսչությունների ներկայացուցիչներ, որոնք լիազորված են տեղում օպերատիվ որոշումներ ընդունել:
ԱԻՆ-ում հավելել են, որ նախարարն անձամբ կվերահսկի աշխատանքների ընթացքը, որոնք շուրջօրյա ռեժիմով իրականացվում են աղտոտված ափին, և կառավարական հանձնաժողովի նիստ կանցկացնի ՝ երկու լցանավերի խորտակման հետևանքների շուտափույթ վերացման լրացուցիչ միջոցներ մշակելու համար:
Կերչի նեղուցի շրջանում դեկտեմբերի 15-ին փոթորկի ժամանակ վթարի են ենթարկվել «Վոլգոնեֆտ 212» և «Վոլգոնեֆտ 239» տանկերները, տարհանվել է 27 նավաստի, նրանցից մեկը մահացել է: ՌԴ տրանսպորտի նախարարության տվյալներով՝ ծով է արտահոսել մոտ 2,4 հազար տոննա նավթամթերք։
Կուբանում դաշնային բնույթի արտակարգ իրավիճակների ռեժիմ է սահմանվել։ Փրկարարներն ու կամավորները ափից հավաքում են աղտոտված ավազը, մասնագետները ջրատարածքից հեռացնում են նավթաջրային խառնուրդը և սորբենտով մշակում են իրականացնում։ Տարածաշրջանում մազութից տուժած թռչունների փրկության վեց կենտրոն է գործում։