ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի - Sputnik. Կալիֆոռնիայի հարավում հրդեհների զոհերի թիվը հասել է 16-ի, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով NBC News հեռուստաալիքին
Անտառային հրդեհները սկսել են տարածվել Լոս Անջելեսի շրջանում հունվարի 7-ին: Օդերևութաբանների կարծիքով ՝ կրակի արագ տարածման պատճառ է դարձել չոր և շատ քամոտ եղանակը: Հրդեհը տարածաշրջանում ոչնչացրել է ավելի քան 10 հազար շինություն։ Գույքային վնասները, անկախ կազմակերպությունների գնահատականներով, կարող են հասնել մոտ 150 միլիարդ դոլարի։
Ավելի քան 180 հազար մարդ տարհանման հրահանգ է ստացել։
Ընդ որում, ըստ Daily Mail-ի, Լոս Անջելեսի քաղաքապետը հզոր անտառային հրդեհների սկսվելուց մեկ շաբաթ առաջ պահանջել է հրշեջների բյուջեն կրճատել լրացուցիչ 49 միլիոն դոլարով, ինչը ենթադրում է 16 հրշեջ կայանների փակում:
Հրդեհները հասել են նաև հայաշատ քաղաքներ, հայ համայնքի ներկայացուցիչները ևս գույքային վնասներ են կրել, ամբողջությամբ այրվել է Սահակ-Մեսրոպ վարժարանը։