ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի - Sputnik. Լեհաստանը թույլ չի տվել իր օդային տարածքով անցնել Սլովակիայի խորհրդարանի՝ Ռուսաստան մեկնող պատվիրակության ինքնաթիռին, այն Մոսկվա կթռչի Չեխիայի և Գերմանիայի տարածքով: Այդ մասին հայտնել է Սլովակիայի խորհրդարանի փոխխոսնակ, SNS (Սլովակիայի ազգային կուսակցություն) կուսակցության ղեկավար Անդրեյ Դանկոն:
«Նոր իմացա, որ Լեհաստանը մեզ թույլ չի տալիս ուղիղ թռիչք կատարել, այնպես որ մենք շրջանցելու ենք Գերմանիայով, Լեհաստանի այդ մոտեցումը չեմ հասկանում, բայց ամեն դեպքում դա ընկալում եմ որպես իրականություն»,-ասել է Դանկոն Բրատիսլավայի օդանավակայանում Մոսկվա մեկնելուց առաջ նկարահանված տեսաուղերձում:
Ավելի վաղ Դանկոն նշել էր, որ խորհրդարանական պատվիրակության այցը Մոսկվա պետք է օգնի վերականգնել հարաբերությունները Ռուսաստանի հետ և կդառնա այն երկխոսության շարունակությունը, որը սկսել է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն: Դանկոն նաև տեղեկացրել է, որ Մոսկվայում իր հանդիպումների թեմաներից մեկը լինելու է էներգետիկ ոլորտում համագործակցությունը: Նրա խոսքով՝ իր այցը ՌԴ կարևոր է Սլովակիային ռուսական գազի և նավթի մատակարարման համատեքստում:
Նախատեսվում է, որ Սլովակիայի խորհրդարանի վեց հոգանոց պատվիրակությունը ՌԴ-ում կլինի մինչև հունվարի 15-ը: