Էրդողանը հնարավոր է համարել իր առաջադրումը նախագահի պաշտոնի ևս մեկ ժամկետի համար

Ներկայիս Սահմանադրությամբ պետության ղեկավարը կարող է պաշտոնավարել ոչ ավելի, քան երկու ժամկետ անընդմեջ, իսկ 2023 թվականի մայիսին Էրդողանը վերընտրվել է երկրորդ ժամկետով՝ հինգ տարով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի - Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հնարավոր է համարել, որ նախագայի թեկնածու կառաջադրվի ևս մեկ ժամկետի համար: Այս մասին նա առաջին անգամ հայտարարել է շաբաթ օրը Թուրքիայի հարավ-արևելյան Շանլըուրֆա քաղաքում «Արդարություն և զարգացում» կուսակցության մարզային բաժանմունքների համագումարում:
Ավելի վաղ Թուրքիայի առաջնորդի ավագ խորհրդական, Թուրքիայի նախագահին առընթեր իրավական քաղաքականության հարցերով խորհրդի փոխնախագահ Մեհմեդ Ուչումը հայտարարել էր, որ Էրդողանը կարող է կրկին առաջադրել իր թեկնածությունը պետության ղեկավարի պաշտոնի համար, եթե երկրի խորհրդարանը 2027 թվականի երկրորդ կեսին արտահերթ ընտրությունների մասին որոշում կայացնի։
2017թ.-ի հանրաքվեի արդյունքում Թուրքիան նախագահական հանրապետություն է դարձել: Ներկայիս Սահմանադրության համաձայն՝ պետության ղեկավարը կարող է պաշտոնավարել ոչ ավելի, քան երկու ժամկետ անընդմեջ։ 2023 թվականի մայիսին Էրդողանը վերընտրվել է 5 տարով՝ երկրորդ ժամկետով։ Ընդդիմադիր կուսակցությունները նախընտրական քարոզարշավում պնդում էին, որ իրականում խոսքը երրորդ ժամկետի մասին է, քանի որ Էրդողանը 2014-2018 թվականներին եղել է նախագահ, բայց խորհրդարանական հանրապետության օրոք: