ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի – Sputnik. Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած քամիները կարող են կրկին ուժեղանալ։ Ֆեյսբուքյան իր էջում այս մասին գրառում է արել Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի տնօրեն Լևոն Ազիզյանը:
Նա նշել է, որ Սանտա Անայի քամիները զգալիորեն թուլացել են, սակայն օդերևութաբանների կանխատեսումները լավատեսական չեն։
«Շաբաթ օրվանից սկսած կանխատեսվում են 35-ից 50 մղոն/ժ արագությամբ քամիներ, պոռթկումները մինչև 60 մղոն/ժ-ի կարող են հասնել գիշերվանից մինչև կիրակի կեսօր, այնուհետև կանխատեսվում է թուլացում մինչև երկուշաբթի»,- գրել է Ազիզյանը։
Հիշեցնենք` ԱՄՆ–ում բռնկված հրդեհների հետևանքով մահացածների թիվը հասել է 11-ի։ Հրդեհների հասցրած գույքային վնասներն ահռելի են, անկախ կազմակերպությունների գնահատականներով՝ կարող են հասնել մոտ 150 միլիարդ դոլարի։ Այրվել են ավելի քան 10 հազար շինություններ, այդ թվում՝ դպրոցներ, եկեղեցիներ։ Ավելի քան 180 հազար մարդ տարհանման հրահանգ է ստացել։
Հրդեհները հասել են նաև հայաշատ քաղաքներ, հայ համայնքի ներկայացուցիչները ևս գույքային վնասներ են կրել, ամբողջությամբ այրվել է Սահակ-Մեսրոպ վարժարանը։