ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի – Sputnik. ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում հրդեհների հետևանքով մահացածների թիվը հասել է 11-ի։ Տեղեկությունը հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները։
«5–ը մահացել են «Փելիսեյդս» անվանումը ստացած հրդեհի գոտում, 6-ը՝ «Իտոնից» տուժած տարածքում»,- ասված է հաղորդագրությունում։
Հունվարի 7-ին բռնկված հրդեհները մոլեգնում են ավելի քան 15,2 հազար հա տարածքում։
Երկու ամենամեծ հրդեհները՝ «Իտոնը» և «Փելիսեյդսը», տեղայնացված են համապատասխանաբար միայն 3% և 8%-ով:
Հիշեցնենք, որ հրդեհների հասցրած գույքային վնասներն ահռելի են, անկախ կազմակերպությունների գնահատականներով՝ կարող են հասնել մոտ 150 միլիարդ դոլարի։ Այրվել են ավելի քան 10 հազար շինություններ, այդ թվում՝ դպրոցներ, եկեղեցիներ։ Ավելի քան 180 հազար մարդ տարհանման հրահանգ է ստացել։
Հրդեհները հասել են նաև հայաշատ քաղաքներ, հայ համայնքի ներկայացուցիչները ևս գույքային վնասներ են կրել, ամբողջությամբ այրվել է Սահակ-Մեսրոպ վարժարանը։ ՀՀ ԱԳՆ–ի վերջին տվյալներով՝ զոհերի թվում ՀՀ քաղաքացիներ չկան։