ՀՀ–ն դիտարկում է ՄԽ–ն լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը. Փաշինյանի խոսնակ

Նազելի Բաղդասարյան
Նազելի Բաղդասարյան
Փաշինյանն ավելի վաղ ասել էր՝ եթե չկա կոնֆլիկտ, ապա կոնֆլիկտի կարգավորմամբ զբաղվող ձևաչափի գոյությունն իմաստ չունի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի – Sputnik. Հայաստանի Հանրապետությունը դիտարկում է Մինսկի խումբը լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը: Ֆեյսբուքյան իր էջում այս մասին գրել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
Նա հիշեցրել է, որ Փաշինյանն հարցազրույցներից մեկում անդրադառնալով ԵԱՀԿ ՄԽ-ն լուծարելու գաղափարի վերաբերյալ Հայաստանի դիրքորոշմանը` ասել էր՝ եթե չկա կոնֆլիկտ, ինչ իմաստ ունի կոնֆլիկտի կարգավորմամբ զբաղվող ձևաչափի գոյությունը: Նա նաև նշել էր` Հայաստանը պետք է համոզվի, որ այս նույն տրամաբանությամբ է հարցին մոտենում Ադրբեջանը:
«Հայաստանի Հանրապետությունը միանշանակ և աներկբա ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և պատրաստ է դա վերահաստատել խաղաղության պայմանագրի ստորագրմամբ, ինչպես նաև վերոնշյալ գրառման մեջ նշված մյուս բոլոր նախաձեռնությունների ու քայլերի իրագործմամբ: Կարևոր է, որ Ադրբեջանը նույնպես միանշանակ և աներկբա ճանաչի Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը»,- գրել է Բաղդասարյանը։
Հիշեցնենք` Ալիևը հունվարի 7-ին հայտարարեց, որ Հայաստանը սպառնալիքներ է ստեղծում տարածաշրջանային անվտանգության համար, մոտ 30 տարի Հայաստանը կառավարել են «ֆաշիստական գաղափարախոսության» կրողները, որոնք երկիրը ձևավորել են «իրենց նմանությամբ»: Ալիևը փաստացի սպառնաց հնարավոր ռազմական միջամտությամբ՝ նշելով, որ եթե Հայաստանն ինքնուրույն չազատվի այդ «ֆաշիստական» դրսևորումներից, ապա Ադրբեջանը ստիպված կլինի գործել։ Ալիևը նաև հայտարարեց, որ Հայաստանը չպետք է աշխարհագրական խոչընդոտ լինի Թուրքիայի և Ադրբեջանի միջև՝ կրկին սպառնալով այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացմամբ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց Ալիևի մեղադրանքներին` նշելով, որ Բաքուն թերևս փորձում է տարածաշրջանում էսկալացիայի լեգիտիմություն ձևավորել։ Իսկ հունվարի 8-ին սոցցանցերում հրապարակեց իր 12 առաջարկները, որոնք, ըստ Փաշինյանի, կօգնեն երկարատև կայունություն և խաղաղություն հաստատել տարածաշրջանում։ Դրանցից մեկն էլ վերաբերում էր Մինսկի խմբի լուծարմանը։