ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի — Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հնարավորություն է ստեղծվել հանրապետությունում ահաբեկչությանը վերջ տալու համար: Նրա խոսքը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
Ավելի վաղ կառավարամետ «Türkiye» թերթը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության առաջնորդ Աբդուլլահ Օջալանը, որը ցմահ ազատազրկման է դատապարտված Իմրալի կղզում, կարող է գրավոր դիմել զինյալներին՝ զինված պայքարը դադարեցնելու համար:
«Մենք հնարավորություն ունենք մեկընդմիշտ վերջ դնելու ահաբեկչությանը։ Մենք կքանդենք իմպերիալիստական դավադրությունների վերջին շղթան, որոնք գրեթե կես դար ցավ են պատճառել մեր երկրին և մթագնել նրա ապագան»,- հայտարարել է Թուրքիայի առաջնորդը «Արդարություն և զարգացում» կուսակցության (AK Parti) Դիարբեքիրի նահանգային բաժանմունքների ութերորդ համագումարում ելույթ ունենալիս։
Նրա խոսքով՝ յուրաքանչյուր ահաբեկչական կազմակերպություն, չնայած իր հովանավորներին, այժմ գիտի, որ ինքը ոչ մի շանս չունի հանրապետության դեմ։
Հիշեցնենք` Թուրքիայում Քրդստանի աշխատավորական կուսակցության հետ զինված հակամարտությունը սկսվել է 1984 թվականին, վերսկսվել` 2015-ին։ Իրաքի հյուսիսում գտնվում են ՔԱԿ-ի բազաները, որոնց դեմ Թուրքիայի զինված ուժերը օդային և ցամաքային գործողություններ են իրականացնում։