2024 թվականին Հայաստանի բանկային համակարգի շահույթը ռեկորդային աճ է գրանցել` միայն 9 ամիսների հաշվարկով հասնելով 268 միլիարդ դրամի։ Սա ավելին է, քան նախկինում երբևէ գրանցված տարեկան ցուցանիշը։
Հատկանշական է, որ եկամուտների այսպիսի սրընթաց աճի պայմաններում, Հայաստանում գործող 17 բանկերի համար հարկերը չեն բարձրացել, այն դեպքում, երբ բիզնեսի այլ ճյուղերի ու նույնիսկ քաղաքացիների համար հարկային բեռը վերջին մի քանի տարվա ընթացքում աննախադեպ ավելացել է։
Բացի այդ, Կենտրոնական բանկը 2023 թվականից ի վեր պարբերաբար նվազեցնում է վերաֆինանսավորման տոկոսադրույքը` 10.25 տոկոսից հասցնելով արդեն 7 տոկոսի։ Բայց բանկերը ոչ միայն չեն շտապում վերանայել իրենց վարկային տոկոսադրույքները, այլև շարունակում են թանկացնել իրենց ծառայությունների դիմաց վճարները։
Հայ հեղափոխական դաշնակցության բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու Սուրեն Պարսյանի կարծիքով` սա վկայում է այն մասին, որ կառավարությունը չի կարողանում զսպել բանկային համակարգի ախորժակը և կուլ է գնում բանկերի շահերին։ «Ոլորտը նոր օրենսդրական կարգավորումների կարիք ունի».-իմ գործընկեր Նելլի Դանիելյանի հետ զրուցում նշել է Սուրեն Պարսյանը։